2026 թ. բյուջեն առողջապահության ոլորտի համար պատմական բյուջե է. Առողջապահության նախարար

2026 թվականին Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ: Այն 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ. հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով առողջապահության ոլորտի հատկացումները: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում համակարգի ներդնումն ուղեկցվել է ծախսերի զգալի աճով եւ փաստել, որ բավարարվել է այդ ուղղությամբ նախարարության ներկայացրած պահանջը: «2026 թվականի բյուջեն առողջապահության ոլորտի համար պատմական բյուջե է»,- նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող նախաձեռնությունը վերջնական շտկումների փուլում է եւ առաջիկա օրերին կուղարկվի Կառավարություն: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իրենց նպատակը մինչեւ տարեվերջ օրենքն ընդունելն է: Խոսելով իրականացվող քաղաքականության եւ հաջորդող քայլերի մասին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երեք տարիների ընթացքում աստիճանաբար պետական պատվերը ծրագրից կհանվի, եւ շահառուների կարիքները կտեղափոխվեն ապահովագրության ծրագրի շրջանակ: Երրորդ տարում հիմնական բյուջետային տողը նվիրված կլինի ապահովագրությանը: Կլինեն նվազագույն ծառայությունների շրջանակներում փոխհատուցվող դեպքեր: Նշվել է, որ նույն ընթացքով շարունակվելու են կապիտալ շինարարությունները: Կապիտալ ծախսերը 2026 թվականին կազմելու են 12.3 մլրդ դրամ: Շարունակվելու են մարզային բժշկական կենտրոնների կառուցման ու վերակառուցման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում եւս կապիտալ ծախսեր իրականացնում է: Նախարարությունը զբաղվում է մարզային պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների վերափոխմամբ: Մեկնարկել են 20-ից ավելի ամբուլատորիաների շինարարական աշխատանքները. հաջորդ տարի այդ թիվը կավելանա: «Մեր նպատակն է, որ հաջորդող տարիներին 50 ամբուլատորիաներ վերափոխվեն, վերակառուցվեն եւ համալրվեն նորագույն պահանջներին համապատասխան տեխնիկայով»,- շեշտել է նախարարը: Կարեւորվել է մինչեւ ապահովագրության համակարգի ընդունումը առողջապահական ծառայությունների փոխհատուցման ծավալի, որակի եւ շահառուների խմբի ընդլայնումն ու վերափոխումը: «Այս տարվա ընթացքում վերանայվել են պետպատվերի շրջանակում ծառայությունների գնային քաղաքականությունը, մանկաբուժական, վիրաբուժական ծառայությունների ծավալն ու գնային քաղաքականությունը, ինչը հանգեցնելու է թե՛ նոր սարքավորումներով հագեցման, թե՛ մասնագետների պատշաճ

վարձատրության ապահովմանը: Նպատակն է, որ մեր գնման առաջարկը բժշկական կենտրոնների համար լինի պատշաճ, եւ մենք գնանք զարգացման ճանապարհով, ոչ թե գոյատեւման բյուջե ապահովենք բժշկական կենտրոնների համար»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը: Վերանայվում է վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության (էմերջենսի) ծառայությունների ամբողջ շղթայի գնային քաղաքականությունը: Կարեւոր բարեփոխումների շարքում նախարարը վկայակոչել է լիցենզավորման համակարգի վերանայումը բժշկական կենտրոնների եւ անհատների լիցենզավորման համար: Առաջին անգամ մեր ռեզիդենտներն ու օրդինատորներն անցնում են լիցենզավորման գործընթացով եւ ունենալու են անհատական լիցենզիաներ՝ սահմանափակ գործունեության շրջանակով: Վերջիններս հնարավորություն են ունենալու ուսումնառության ժամանակ առնչվելու պացինետների հետ, իրենց վերադասի օգնությամբ աշխատելու եւ ապահովելու թե՛ պրակտիկ, թե՛ տեսական գիտելիքների ձեռքբերում, նաեւ՝ էթիկայի նորմերի իմացություն: Հաջորդ տարվանից կմեկնարկի մասնագետների լիցենզավորման գործընթացը: Անահիտ Ավանեսյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:



ԼՐԱՀՈՍ