Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նախարարը շնորհավորել է գործընկերներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումները։ Անդրադառնալով 2027 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է այդ խոշոր միջոցառման նախապատրաստական փուլում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարևորվել է Փ

արիզի օլիմպիական խաղերի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած ֆրանսիական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։ «Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի: Մենք տպավորված ենք Փարիզի օլիմպիական խաղերով, որի իրականացումը լավագույն օրինակ էր»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը ևս կանցկացվեն կազմակերպական պատշաճ մակարդակով: Նա գործընկերներին իրազեկել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե, խաղերի նախապատրաստման նպատակով առանձին կառույց է ստեղծվելու: Նախարարն ընդգծել է՝ խաղերի անցկացման առաջնային նպատակներից են նախապատրաստվելու ընթացքում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հանրության շրջանում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու հանրահռչակումը: Կազմակերպչական աշխատանքների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը, ինչը, նրա խոսքով, ամրագրված է Սպորտի զարգացման ռազմավարությունում: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել իրենց գործունեությունը՝ ուղղված մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը: Կողմերը քննարկել են կազմակերպչական աշխատանքներում ներառված մասնագետների վերապատրաստմանը և աշխատանքների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
